ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Լույսի ծնունդը

Լույսի ծնունդը
05.05.2013 | 11:37

Մարդը որոնում ու գտնում է Աստծուն

Մայիսի չորսի առավոտը հայ ուխտավորների համար Երուսաղեմում բացվեց ժամը վեցից՝ քաղաքի փողոցները հիշեցնում էին Բաբելոնի աշտարակաշինության ժամանակները, երբ հայտնի պատճառով խառնվել էին լեզուները: Իսրայելի ոստիկանների համար օրը թերևս ամենադժվարներից մեկն է, որովհետև միանգամից քաղաքում հայտնվում են հազարավոր ուխտավորներ և նույն ժամին բոլորը ցանկանում են լինել նույն վայրում: Իհարկե, օրվա բովանդակությունը ոչ մի կապ չունի օրվա ձևի հետ: Որովհետև սուրբ Հարության տաճարում Հիսուսի գերեզմանի տեղում կառուցված մատուռում այդ օրը հայտնվում է լույսը՝ կրակի տեսքով և այդ լույսի հայտնությունը, որ ձևով հիշեցնում է հրաշք, իրականում ամեն տարի հաստատում է, որ մարդկությունը շարունակում է դեպի Աստված իր ճանապարհը, մարդը որոնում ու գտնում է Աստծուն, ում պատկերով ու նմանությամբ ստեղծվել է ինքը: Իսկ Աստված շարունակում է մնալ մարդու հետ և նրան հույս տալ, որ չարը չի կարող ընդմիշտ իշխել, որ Աստված մարդու հետ կիսում է նրա վիշտն ու վախը, կորուստներն ու փորձությունները, անգամ մահը և, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է, ու դա ամենամեծ հրաշքն է, որ տրված է մարդուն:
Երուսաղեմյան այսօրվա խառնարանում այս պատկերը կամ չկար, կամ շատ խորքում էր, որովհետև մինչև սուրբ Հարության տաճար արաբական շուկայի միջով անցնող իրենց շատ դժվար ճանապարհին ուխտավորները լուծում էին շատ ավելի պրագմատիկ խնդիրներ՝ տեղ հասնել: Սրբոց Հակոբյանց մայրավանքից մինչև սուրբ Հարության տաճար հայ ուխտավորները հասան ոչ միանգամից: Առավոտյան, երբ պետք է բացվեր մայրավանքի դեպի տաճար տանող դուռը, այնտեղ կարողացան հասնել մի մասը միայն, մյուսներին այդ հնարավորությունը տրվեց մի քանի ժամ հետո՝ արդեն պատրիարքի հետ միասին, որ ժամը տասնմեկին ժամանում է տաճար՝ հոգևորականների, ուխտավորների ու Հոմէնդմենի սաների թմբուկների ու կոչնակների ուղեկցությամբ: Տեսարանը, իրոք, տպավորիչ է և բազմաձայն: Ամեն տարի այս օրը Երուսաղեմում որոշակի լարվածություն է առաջանում, թվում է՝ բոլորն ամեն ինչ գիտեն ու ամեն ինչ կարող են կանխատեսելիության ու կառավարելիության շրջանակներում պահել, բայց միակ անդրդվելին մնում են ոստիկանները, իսկ տարբեր երկրներից ժամանած հայ ուխտավորները, և տարբեր հնարքներով հայկական թաղամասում նրանց միացած այլազգիները, որ փորձում են հաստատել իրենց կամքը, ստեղծում են անցանկալի իրադեպերի ու միջադեպերի մեծ վտանգ: Այս պարագայում հայ հոգևորականների համար շատ դժվար է հայկական թաղամասում լինել ու մնալ դրության տերը: Բայց հավատացեք, որ ամեն ինչ՝ հոգնությունը, շոգը, նյարդայնությունը, մի վայրկյանում մոռացվում են, երբ տաճարի մատուռից՝ կուվուկլայից հայ և հույն հոգևորականների աղոթքից հետո հայտնվում է սուրբ լույսը՝ կրակի տեսքով: Տաճարի լույսերը մարում են ու հազարավոր մարդիկ դառնում են մեկ մարդ, մարդ, որ սրտատրոփ սպասում է լույսին: Ասում են, որ եթե Հիսուսի գերեզմանի վրա հայտնվող լույսը չվառվի, տաճարում հավաքված բոլոր մարդիկ կմեռնեն: Բայց դա առասպել է, որովհետև դեռ երբեք Տերը մարդուն մենակ չի թողել: Մի վայրկյանում ամբողջ տաճարը լցվում է լույսով, մեկ մոմից, բայց կարծես միանգամից վառված բոլոր մոմերը սկսում են այրվել սպիտակ լույսով, որը իսկապես չի այրում ձեռքերդ: Հավատացեք, ես դա փորձել եմ: Աջիս մեջ վառվող կրակը չի այրել ոչ ափս, ոչ մատներս: Զգացողությունն անիմաստ է բառավորել, որովհետև խիստ անձնական է ու անանվանելի: Թել Ավիվի Բեն Հուրին օդանավակայանից հատուկ չվերթներով սուրբ Հարության տաճարում վառված լույսը արդեն ուղևորվել է քրիստոնեական երկրներ՝ ավետելու, որ Քիստոս հարյավ ի մեռելոց: Մարդկանց դեմքերին խաղաղության ու երջանկության այնպիսի երանելի արտահայտություն էր դրոշմել տաճարում բռնկված լույսը, որ թվում էր նոր ժամանակի սկիզբ ու նոր մարդկության սկիզբ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Իսկ փողոցում նույն կիզիչ արևն էր, որը, սակայն, տարօրինակորեն չէր այրում, այլ ընդամենը լուսավորում էր տաճարից դուրս եկողների ճանապարհը դեպի առօրյա, որ երբեմն միայն ընդմիջվում է Տիրոջ հայտնությամբ: Հավելեք նաև քամին, որ այս սպիտակ քաղաքում որոնում ու չի գտնում փոշի:

Դիտվել է՝ 2437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ